Հայ գրականություն

Հայ գրականությունն աշխարհի ամենահին գրականություններից է: Սկզբնավորումից մինչև օրս այն անցել է զարգացման մի քանի շրջան: Առաջին մեծ շրջանը կոչվում է հայ հին կամ հայ միջնադարյան գրականություն և ընդգրկում է V-XVIII դարերում ստեղծված բոլոր այն գրվածքները, որ ունեն գրական որոշակի արժեք: Մինչև հայ տպագրության գյուտը (XVIդ.) գրավոր երկերը պահպանվում և ընթերցողին էին հասնում ձեռագրերով՝ արտագրվելով ու տարածվելով: Գիրք գրողը, գրվածքի հեղինակը հաճախ կոչվում էր մատենագիր, իսկ գրականությունը՝ մատենագրություն: Հայ գրականության սկզբնավորումն առնչվում է մի այնպիսի բախտորոշ իրադարձության, ինչպիսին է ազգային գրերի գյուտը: Հայոց գրերն ստեղծվեցին հանճարեղ գիտնական, հայագիր դպրոցի հիմնադիր-ոաուցիչ, գրող ու թարգմանիչ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով:

XII դարի կեսերից հայ գրականության մեջ աստիճանաբար տեղի են ունենում նկատելի փոփոխություններ, որոնք գրական ստեղծագործությանը հաղորդում են բովանդակության և ձևական կառույցների բազմազանություն:

Այդ և հետագա մի քանի դարերում, որոշ ընդմիջումներով, շարունակում է զարգանալ պատմագրական արձակը, որի ականավոր ներկայացուցիչներն են Մատթեոս Ուռհայեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Օրբելյանը, Թովմա Մեծոփեցին, Առաքել Դավրիժեցին և ուրիշներ:

Ձևավորվում է նաև փաստագրական սկզբնաղբյուրի մի նոր տեսակ՝ տարեգրությունը, որի հիմնական նպատակը փաստի հաղորդումն է և ոչ թե գեղարվեստական մանրամասները: Մատենագրության մեջ հաստատվում է ուղեգրության ժանրը: Ձեռագիր հին մատյանների արտագրմանը, նոր գրքերի ստեղծմանը զուգահեռ լայն կիրառություն է ստանում հիշատակարանի տեսակը: 1512 թվականից սկզբնավորվում է հայ տպագրությունը:

Չափածո խոսքի բնագավառում նկատվում են թեմատիկ բազմազանություն ու գաղափարական աշխույժ վերելք՝ քնարական շնչի գերիշխումով: Արդեն XIII-XIV դդ. Կոստանդին Երզնկացու և Հովհաննես Թլկուրանցու տաղերով սկզբնավորվում, իսկ հետագա ժամանակներում մի շարք այլ բանաստեղծների, հատկապես Նաղաշ Հովնաթանի, Պաղտասար Դպրի և Սայաթ-Նովայի վաստակով վերջնականապես ձևավորվում և կատարելագործվում է սիրերգությունը: XIII-XVI դդ. տաղասացներ Կոստանդին Երզնկացու, Առաքել Բաղիշեցու, Մկրտիչ Նաղաշի, Գրիգորիս Աղթամարցու և ուրիշների ստեղծագործություններով հայ բանաստեղծության մեջ հաստատվում է Վարդի և Սոխակի սիրային այլաբանության գրական տեսակը: Այս այլաբանությամբ մեր տաղասացները փորձում էին արտահայտել թե´ կրոնական և թե´ աշխարհիկ գաղափարներ: Ստեղծվում են Ֆրիկի սոցիալական տաղերը, գրվում են պատմաքաղաքական, անձնական-քնարական, դամբանական ողբեր, տարբեր բնույթի գովեստներ, պարսավներ, խրատներ, չափածո աղոթքներ և այլն: Բանաստեղծության քնարական հերոս է դառնում մարդը ոչ միայն իր կրոնական, այլև աշխարհիկ մտածողությամբ, ազգային և հասարակական ձգտումներով, անձնական և անանձնական ապրումներով:

Նշված ժամանակաշրջանում առանձնապես աշխուժանում են գեղարվեստական արձակի մանրապատում տեսակները՝ առակը, զրույցը, ասույթը, որոնք ձեռագրերում տեղ են գտնում թե´ որպես հեղինակային գործեր (Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի) և թե´ որպես անհեղինակ ստեղծագործություններ:

Արմատապես վերափոխվում է գրականության լեզուն: Դասական գրաբարը ավելի ու ավելի հաճախ է սկսում գործածվել իր պարզեցված տարբերակով: Զուգահեռաբար գրական լեզու է դառնում ժողովրդի խոսակցական աշխարհաբարը՝ միջին հայերենը:

Գրական այս նոր հոսանքը ներկայացնում են ստեղծագործողների մի քանի անուններ, որոնց մեջ առանձնակի տեղ են գրավում Մխիթար Գոշն ու Վարդան Այգեկցին:

Հայ նոր գրականության սկզբնավորումը, ինչպես նկատվել է գրականագիտության մեջ, կապվում է 17-րդ դարի վերջերի և 18-րդ դարի սկզբների հետ, երբ նախորդ երկու դարերի ընթացքում գրեթե իսպառ մոռացված մեր հին մշակույթը սկսում է վերածնունդ ապրել, նոր շրջան է մտնում աշխարհականացման գործընթացը: Եվրոպական լուսավորության գաղափարները ներթափանցում են մեր խավար իրականություն ու թեև դանդաղ, բայց ավելի ու ավելի հաստատուն արմատներ են նետում այնտեղ: Դեռևս 1512թ. Հակոբ Մեղապարտը սկիզբ էր դրել հայկական տպագրությանը: Դրանից հետո տպարաններ են հիմնվում բազմաթիվ հայ գաղթօջախներում: Սկսում են տպագրվել հին և միջնադարյան գրականության նշանավոր հուշարձանները ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ բովանդակությամբ, հիմնվում են վանական դպրոցներ, միաբանություններ, որոնք ժողովրդի կոշտացած բարքերի մեջ ձգտում են վերականգնել մեր անցած քաղաքակրթության հոգևոր փորձը:

1701թ. Մխիթար Սեբաստացին (1676-1749թթ.) հիմնում է հետագայում իր անունով Մխիթարյան կոչված կրոնական միաբանությունը, որ 1717թ. վերջնականապես հաստատվում է Վենետիկի Ս. Ղազար կղզում: Ամբողջ 18-րդ դարի և 19-րդ դարի առաջին քառորդի ընթացքում միաբանության գիտնականներն ու գրողներն անխոնջ տքնությամբ ուսումնասիրում ու հրատարակում են մեր հին մատենագիրների երկերը, իրենք են կատարում գիտական-բանասիրական լուրջ ոաումնասիրություններ, թարգմանություններ, ստեղծում են գեղարվեստական երկեր, որոնց նշանակությունը մշակույթի պատմության մեջ անհնար է գերագնահատել: Նշանակալից երևույթ էին մասնավորապես Միքայել Չամչյանի (1738-1823թթ.) «Պատմություն հայոց» եռահատոր աշխատությունը, «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» երկհատոր բառարանը, որ արդյունք է երեք վարդապետների՝ Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյաեի, Մկրտիչ Ավգերյանի մոտ չորս տասնամյա մանրակրկիտ աշխատանքի և ընդգրկում էր գրաբարի ամբողջ բառագանձը: Մխիթարյան միաբանությունը այսօր էլ շարունակում է իր հոգևոր ու մշակութային գործունեությունը: Գրական կյանքի նորոգության այս գործընթացներն առավել լայն ծավալ են ստանում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի աոաջին կեսին:

1794թ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում սկսում է հրատարակվել հայ առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը, Հարություն Շմավոնյանի խմբագրությամբ: Այսպես սկիզբ է դրվում հայ պարբերական մամուլի պատմությանը: Հետագա տասնամյակներին հայկական գաղթօջախներում տպագրվում են բազմաթիվ նոր ամսագրեր ու թերթեր, որոնք մեծ դեր են կատարում լուսավորության տարածման, ազգային ինքնագիտակցության արթնացման, առհասարակ ազգային կյանքի կազմակերպման գործում: Նշանավոր պարբերականներից են Կ. Պոլսի «Մասիս»-ը, Զմյուռնիայի «Արշալույս Արարատյան»-ը, Վենետիկի «Բազմավեպ»-ը, Կալկաթայի «Ազգասեր»-ը, «Ազգասեր Արարատյան»-ը, «Բանասեր»-ը, Թիֆլիսի «Արարատ»-ը և այլն:

Մամուլի հետ զարթոնք է ապրում նաև դպրոցը, ամուր հիմքերի վրա է դրվում կրթական գործը: 19-րդ դարի աոաջին կեսին բացվում են մի քանի դպրոցներ: 1810թ. Աստրախանում սկսում է գործել Աղաբաբյան դպրոցը, 1815թ. Մոսկվայում հիմնվում է Լազարյան ճեմարանը, 1825թ. հունվարի 1-ից բացվում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Էջմիածնում բացվում է ժառանգավորաց դպրոցը, 19-րդ դարի 30-ական թվականներից սկսում են գործել Պադուայի (Իտալիա) Մուրատյան (1834թ.) և Վենետիկի Ռափայելյան (1838թ.) դպրոցները, հիմնվում են բազմաթիվ գավառական դպրոցներ: Այդ հաստատություններում կրթություն ստացած մտավորականների սերնդին էր վիճակված առաջ տանել նոր գրականության ստեղծման դժվարին գործը:

Այսպես, ուրեմն, մեր գեղարվեստական մշակույթի նորոգության մոտ երկու դար տևած գործընթացներն ավարտին են հասնում 19-րդ դարի առաջին տասնամյակներին, երբ արդեն նոր գրականության իսկությունը դառնում է անտարակուսելի փաստ: Ահա թե ինչու մեր գրականության պատմության նոր շրջափուլի սկիզբ համարում են հենց այդ տասնամյակները:

Դարաշրջանի տիրապետող գաղափարաբանությունը՝ լուսավորականությունը ես, ավելի խոր գիտակցված, ծրագրված ու ամբողջական բնույթ է ստանում: 19-րդ դարի սկզբին լուսավորիչները ոչ միայն հետևում էին եվրոպական հոգևոր շարժման նվաճումներին, այլև համալիր կերպով ձգտում էին դրանք պատվաստել հայ իրականությանը: Մշակույթի գործիչների բոլոր ջանքերն ուղղված էին ազգի ինքնագիտակցության արթնացմանը, արժանապատվության ձևավորմանը. լեզուն, մշակույթը դիտվում էին ազգի ինքնահաստատման միջոց: ժամանակի աշխարհայացքի հիմքը դառնում է վերլուծականությունը, բնության, հասարակության երևույթները ենթարկվում են բանականության զննությանը: Ազատությունը հռչակվում է գոյության բարձրագույն սկզբունք: Դա կարևոր էր հատկապես մեր ժողովրդի համար, որը վաղուց կորցրել էր պետականությունը և ենթարկվում էր թե´ քաղաքական-ազգային, թե՛ սոցիալական բռնությունների: Ազգային ու սոցիալական իրավահավասարության իդեալը խոր հումանիստական բովանդակություն էր հաղորդում լուսավորական գաղափարաբանությանը: Հայ լուսավորիչները ես ազգային առաջադիմության հեռանկարը կապում էին միջնադարի սխոլաստիկ մտածողությունից ազատվելու և եվրոպական լուսավորության ուղին բռնելու հետ: Այս գաղափարների տարածմանն իրենց գրական վաստակով մեծապես նպաստեցին 19-րդ դարի առաջին կեսի գրող-գործիչներ Հարություն Ալամդարյանը (1795-1834թթ.), Մեսրոպ Թաղիադյանը (1803-1858թթ.), Ղևոնդ Ալիշանը (1820-1901թթ.) և ուրիշներ: ժամանակի ամենամեծ լուսավորիչը Խաչատուր Աբովյանն էր:

Ամբողջ 19-րդ դարի ընթացքում հայ հասարակական միտքը գործուն տեղաշարժերի մեջ էր: Տասնամյակ առ տասնամյակ՝ սկսած 50-ական թվականներից, հայ ագգային-հասարակական ու մշակութային գազափարաբանության մեջ տեղի են ունենում նկատելի փոփոխություններ՝ կապված ազգային առաջադիմության, սոցիալական կյանքի բարեփոխման հեռանկարների հետ:

50-60-ական թվականներին լուսավորական շարժման ներսում գոյանում է երկու հիմնական մտայնություն: Մեկը հին ավատականության դիրքերից ձգտում էր անսասան պահել ազգային կյանքի ավանդական արժեքները՝ հավատը, եկեղեցին, սովորույթները, սոցիալական ու կենցաղային կացութաձևը և այլն: Այդ գաղափարական թևը երկյուղ էր կրում լուսավորության ներթափանցումներից, քանի որ դրանց մեջ ազգային արժեքների աղավաղման վտանգ էր տեսնում: Այս մտայնությունը գրականության մեջ մոլեռանդորեն պաշտպանում էր գրաբար լեզուն:

Երկրորդ մտայնությունը, չժխտելով հանդերձ ավանդական արժեքների նշանակությունն ազգապահպանության համար, ազգային ու սոցիալական առաջընթացը կապում էր գլխավորապես եվրոպական արժեքների յուրացման հետ: Այս մտայնության հետևորդները ժողովրդի կացութաձևի, հոգևոր կյանքի հիմնովին վերափոխման կողմնակից էին: Ավելի արմատական թևը, ինչպես, օրինակ, Միքայել Նալբանդյանը, առաջ էր քաշում հեղափոխական վերափոխումների գաղափարը, գրականության մեջ պաշտպանում էր աշխարհաբարի իրավունքները:

60-ական թվականների հասարակական շարժման կարևոր կողմերից մեկն էլ, այսպես կոչված, գրապայքարն էր, այսինքն՝ պայքարն աշխարհաբար լեզվի իրավունքների համար, որ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի և «Հյուսիսափայլ» ամսագրի, արևմտահայ իրականության մեջ՝ «Մեղու» հանդեսի և այլ պարբերականների ու գեղարվեստական երկերի հրատարակությամբ շուտով վերջնական հաղթանակի պիտի հասներ:

70-80-ական թվականներին հայ հասարակական մտքի և մշակութային շարժման այս հիմնական միտումները շարունակվում էին: Սոցիալական կյանքում արմատացած նոր՝ բուրժուական հարաբերությունները զգալի տեղաշարժեր են կատարում հասարակական կացութաձևի մեջ և ժողովրդի հոգևոր կյանքում: Ազգային գաղափարներին զուգընթաց գրականության մեջ ավելի ու ավելի լայնորեն են արծարծվում նաև սոցիալական խնդիրները: Մեծանում է գրականության հասարակական դերը. այն հարցերը, որ նախորդ տասնամյակներին արծարծվում էին մամուլում և հրապարակախոսության մեջ, այժմ դաոնում են առավելապես գեղարվեստական գրականության մենաշնորհը:

60-80-ական թվականների առաջատար գրական դեմքերի՝ Միքայել Նալբանդյանի, Պետրոս Դուրյանի, Հակոբ Պարոնյանի, Րաֆֆու կողքին, որոնց ստեղծագործություններին մենք ավելի մանրամասնորեն կծանոթանանք, հանդես են գալիս նաև ուրիշ նշանավոր անուններ՝ Ստեփանոս Նազարյանը (1812-1879թթ.)՝ «Հյուսիսափայլ»-ի խմբագիրը, Մկրտիչ Պեշիկթաշլյաեը (1828-1868թթ.), Սմբատ Շահազիզը (1840-1907թթ.), Ռափայել Պատկանյանը (1830-1892թթ.), Ղազարոս Աղայանը (1840-1911թթ.), Ծերենցը (1822-1888թթ.), Գաբրիել Սունդուկյանը (1825-1912թթ.), Պերճ Պռոշյանը (1837-1907թթ.) և ուրիշներ: Նրանց ստեղծագործությունները տարբեր կողմերից լրացնում և ամբողջացնում են այդ տասնամյակների գրական կյանքի համայնապատկերը:

19-րդ դարի վերջին տասնամյակը և 20-րդ դարի սկիզբը հայ նոր գրականության զարգացման բարձրակետն են: 19-րդ դարավերջը հայ հասարակական կյանքում նշանավորվում է բուրժուական հարաբերությունների առավել բարձր զարգացմամբ: Անդրկովկասի նշանավոր քաղաքներում՝ Թիֆլիսում, Բաքվում, ձևավորվում է հայ առևտրական և արդյունաբերական բուրժուազիան, երևույթ, որ իր կնիքն է դնում նաև դարի հասարակական հարաբերությունների վրա: Թիֆլիսը դառնում է նաև արևելահայ գրական կյանքի կենտրոնը: Գրականության մեջ այս տասնամյակում առանձնապես բարձր նվաճումների է հասնում ռեալիստական արձակը: Շիրվանզադեի, Գրիգոր Զոհրապի հետ միաժամանակ հրապարակ են գափս այլ արձակագիրներ՝ Վրթաեես Փափազյան (1866-1920թթ.), Նար-Դոս (1867-1933թթ.), Արփիար Արփիարյան (1851-1908թթ.), Տիգրան Կամսարական (1866-1941թթ.), Լևոն Բաշալյան (1868-1943թթ.) և շատ ուրիշներ, որոնց ստեղծագործության լավագույն էջերը մտել են հայ արձակի դասական արժեքների շարքը: Դարավերջի այս տասնամյակում են իրենց ստեղծագործական ճանապարհն սկսել մեր դասական բանաստեղծության երկու անկրկնելի մեծությունները՝ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը: Նշանակալից բանաստեղծական ժառանգություն են թողել նաև Հովհաննես Հովհաննիսյանը (1864-1929թթ.), Ալեքսանդր Ծատուրյանը (1865-1917թթ.) և ուրիշներ:

Տես այստեղ՝ աբյուր։

Оставьте комментарий